«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» մրցանակաբաշխություն 

Հուլիսի 26-ին կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության կողմից, և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

Այս նշանակալից նախաձեռնությունը հնարավոր է դարձել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսական աջակցության ու արդյունավետ համագործակցության շնորհիվ: 

«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և ստեղծել հարթակ լավագույն փորձի փոխանակման ու համագործակցությունների խթանման համար:

Մրցանակաբաշխության արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը ներկայացրեց մրցանակաբաշխության մանրամասները, հանձնաժողովի անդամներին, ընտրության չափորոշիչները և գնահատման մեթոդը։ Հայտերը գնահատող հանձնաժողովը բաղկացած էր 2022թ․ անցկացված «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության հաղթողներից և գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներից, ոլորտային փորձագետներից։

Արամ Մեյմարյան` ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ 

Տաթևիկ Ստեփանյան`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ 

Կոնստանտին Սոկուլսկի`Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ 

Նունե Սաքանյան` «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ

Մրցանակաբաշխության ընթացքում իրականացված ծրագրերի անվանակարգերում ստացված շուրջ 115 մասնակցության հայտից լավագույն նախագծերի առաջատարներն արժանացան մրցանակների: 

🍀 «Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց Կարինե Գրքիկյանը, «ԴԻԼԻ» ՍՊԸ ֆինանսական տնօրենը՝ կաթի վերամշակման և արտադրության մեջ ժամանակակից և Էներգաարդյունավետ սարք-սարքավորումների, հոսքագծերի, սառնարանային համալիրի, վերականգնվող էներգիայի 250 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի գործարկման համար։


🍀 «Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց Ռուզաննա Առուստամյանը՝ Էյ–Թի–Փի բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող – տնоրենը՝ շրջակա միջավայրի պահպանության, անտառների հիմնման և կլիմայի փոփոխության հարմարվողականության համայնքների կարողությունները զարգացնելու համար՝ աջակցելով շահառու համայնքների կանաչ գործողությունները, ստեղծելով եկամտի այլընտրանքային աղբյուրներ տնամերձ տնկարաններ ծրագրի շրջանակներում։

🍀 «Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգում առաջատար ճանաչվեցին Ալավերդու համայնքապետարանի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Կարինե Սիմոնյանը և Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը։

🍀 «Կլիմայական խնդիրների լուսաբանում» անվանակարգում առաջատար ճանաչվեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ լրագրող՝ Քրիստինե Տեր-Մաթևոսյանը իր նշանակալի դերով «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրում։

 🍀«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում առաջատար ճանաչվեց Սյուզաննա Նազարյանը՝ Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենը։

🍀«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց Տաթևիկ Մարգարյանը՝ Լիմիտլեսս ՍՊԸ hիմնադիրը և տնօրենը, ով հիմնադրել է նորագույն էլեկտրական մեքենաներով տաքսի ծառայություն` «Eco Taxi»  անվանբ։

 🍀«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում առաջատար ճանաչվեց կենսաբանության ուսուցիչ Տաթևիկ Դովմալյանը՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած տարերային աղետների, մասնավորապես՝ սողանքների լուծումներով և գործողություններով։

Պարգևատրվեց նաև գաղափարների մրցույթի առաջատար գաղափարակիր Մանուշ Հովնանյանը «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ նախագահը։

Մրցանակաբաշխության ընթացքում ստացված բոլոր ծրագրերը և լուծումները կընդգրկվեն և կհրապարակվեն էլեկտրոնային գրքույկում: