"Կանայք հանուն կլիմայի ու էներգետիկայի" համաժողով
27.12.2019
Կանայք կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, և, թեև նրանք հաճախ կլիմայի փոփոխության հետևանքով ենթարկվում են անհամաչափ ազդեցության, այնուամենայնիվ նրանց ձայնը միշտ չէ, որ լսելի է՝ քաղաքականության մշակման գործընթացներում սահմանափակ մասնակցության և որոշումների կայացման մակարդակում ցածր ներկայացվածության պատճառով: Այժմ ավելի, քան երբևէ, կլիմայական գործողություններին վերաբերող քննարկումներում կանանց մասնակցության և առաջնորդության ընդլայնումն ունի կարևորագույն նշանակություն՝ բոլորի համար առողջ, բարգավաճ և կայուն ապագա ապահովելու նպատակով:
Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, և նրանց ներդրումը պետք է ճանաչվի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը:
Համաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի կայուն զարգացման նպատակով կլիմայի և էներգետիկայի ոլորտում աշխատող կանանց և աղջիկներին, օրենսդիրներին, պետական, հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, սոցիալական խմբերին և երիտասարդներին:
Համաժողովը բաղկացած էր երեք պանելային քննարկումներից: Առաջին քննարկմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՄԱԶԾ Կանանց հզորացման և գենդերային հավասարության ծրագրի համակարգող Նատալիա Հարությունյանը: Նրանք ընդգծեցին կանանց դերը կլիմայի փոփոխության հետ կապված գործընթացում: Անդրադարձան այն ինստիտուցիոնալ և վարքագծային փոփոխություններին, որոնք անհրաժեշտ է կատարել կանանց այդ գործընթացներում ներգրավելու նպատակով: