«Էկո կաֆե» աշխատաժողով ուսուցիչների հետ

07.06.2023

Տեղի ունեցավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ- ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ գիրք» էկոկրթությունը ՏՀՏ գործիքների կիրառմամբ» ծրագրով նախատեսված «Էկո կաֆե» խորագիրը կրող աշխատաժողովը։ Իր անվանումով և ձևաչափով յուրօրինակ և նախադեպային այս աշխատաժողովին մասնակցում էր երևանյան վեց տարբեր դպրոցների ավելի քան երեսուն ուսուցիչ։  

«Էկո կաֆե» աշխատաժողովը նպատակ ուներ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, շրջակա միջավայրի և աշխարհագրության ուսուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում ունենալ ծրագրով նախատեսված կրթական մոդուլների ճիշտ և թիրախային նախանշում, համատեղ քննարկումներ առաջադրված թեմաների շուրջ, ինչպես նաև կարծիքների, մտքերի և փորձի փոխանակում:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՄԱԶԾ Փոքր դրամաշնորհային ծրագրերի համակարգող Սվետլանա Հարությունյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սաքանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Նունե Սաքանյանը ողջունելով մասնակիցներին նշեց, որ,- «Այս ծրագրի իրագործումը ժամանակի հրամայական է, քանի որ ամեն տարի բևեռացումը մարդու և բնության միջև խորանում է, իսկ դրա հետ խորանում են նաև էկոլոգիական խնդիրները՝ ազդելով մարդու բարեկեցության վրա։ Ներդրումները կլիմայի փոփոխության հակազդման գործընթացում պահանջում են և՛ կրթված փորձագետներ, և՛ գիտակից քաղաքացիներ, որտեղ ոլորտային ուսուցիչների դերակատարությունն անգնահատելի է:  

Վերջին տարիներին արագացել են թվայնացման գործընթացները և հիմա, նույնիսկ հեռավոր գյուղերում, դպրոցականներն ունեն հնարավորություն միանալու համացանցին, նոր տեխնոլոգիական գործիքների միջոցով որակյալ կրթություն ստանալու նպատակով։ Դե իսկ մենք մեզ պարտավորված ենք զգում շարժվել ժամանակակից թվայնացման զարգացմանը զուգահեռ և ստեղծել հավասար հնարավություններ բոլորի համար՝ որակյալ և ինտերակտիվ կրթություն ստանալու նպատակով»: