“Դիլիջան” ազգային պարկում կենսաբազմազանության եւ առանցքային էկոհամակարգերի մոնիթորինգի համակարգի ներդրում

20.07.2022

Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), 

Անի Սաֆարյան (Դիլիջան ազգային պարկ)

“Դիլիջան” ազգային պարկում  կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման  ծրագիրը հանդիսանում է   “Սևծովյան  ավազանի  երկրներում շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգ" (BSB 884 ECO-Monitoring) նախագծի բաղկացուցիչ և կարևորագույն մասը:    BSB 884 ECO-Monitoring ծրագիրը ուղղված է Սևծովյան ավազանի մի շարք երկրներում բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր խնդիրների լուծմանը` էկոլոգիական մոնիթորինգի և տեղեկատվության անդրսահմանային համատեղելի տվյալների մատչելիության մակարդակի բարձրացման միջոցով: Մոնիթորինգի համակարգի ներդրմամբ համատեղելի տվյալների և արդիական տեղեկատվության ապահովման շնորհիվ կստեղծվի էկոլոգիական տվյալների հավաքման, մշակման և վերլուծության ընդհանուր հարթակ, որը կներառի  մշտադիտարկվող թիրախային  տարածքներում տարբեր պատճառներով առավել վնասված կենսաբազմազանության տեսակների և  էկոհամակարգերի, դրանց բարվոք վիճակը վտանգող սպառնալիքների,  ճնշման ձևերի ու պոտենցիալ աղբյուրների  գնահատման արդյունքները:  

Հայաստանի    բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում  ընդգրկված  “Դիլիջան” ազգային պարկը /ԴԱՊ/, որպես թիրախային տարածք, ներառվել է  BSB 884 ECO-Monitoring ծրագրի նպատակային գործողությունների տիրույթում` համալիր էկոլոգիական մոնիթորինգն իրականացման համար, որը ունենալով գիտա-կիրառական կարևոր նշանակություն շրջակա միջավայրի որակի, տարաբնույթ լանդշաֆտների ու դրանց բազմատեսակ բաղադրիչների, բնական էկոհամակարգերի վիճակի, ինչպես նաև  ապագա փոփոխությունների բացահայտման և կանխատեսման համար, միաժամանակ ծառայելու է որպես ազգային պարկի պահպանության և օգտագործման ռեժիմների արդյունավետության գնահատման գործիք:

 «Դիլիջան» ազգային պարկը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելքում Տավուշի մարզում, փոքր հատվածներով նաև՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Պարկի տարածքը 33765 հա,  պահպանման գոտու տարածքը` 8167 հա, որտեղ տեղակայված 10 բնակավայրերը (Դիլիջան քաղաքը և 9 գյուղական բնակավայրերը` տեղաբաշխված  երեք տարբեր մարզերում):