Ջոկատներն իրականացրին իրենց դպրոցների էներգաօգտագործման ուսումնասիրություն, պարզեցին շենքի հիմնական ջերմային կորուստները և անարդյունավետ էներգիայի օգտագործման աղբյուրները և ներկայացրին էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցում» մրցույթին, որը կազմակերպվել էր ապրիլի 25-ին Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում։
Հաղթող դպրոցներում «կանաչ» ջոկատների անմիջական մասնակցությամբ իրականացվեցին ներկայացված ծրագրերը, մասնավորապես՝
• Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վ.Սարոյանի անվան հ. 11 հիմնական դպրոցում իրականացվեց տանիքի մասնակի ջերմամեկուսացում, ֆիզիկայի լաբարատորիայի պատուհանների փոխարինում, տրամադրվեցին և տեղադրվեցին էներգաարդյունավետ ԼԷԴ լամպեր,
• Ստեփանավանի Ս.Գրիգոր Լուսավորչի անվան հ. 2 հիմնական և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծ.Իսակովի անվան հ. 23 հիմնական դպրոցներում տեղադրվեց 5.46 կՎտ հզորության արևային համակարգեր,
• Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոցում փոխարինվեց 5 դասասենյակի 10 պատուհան:
Ծրագրով նախատեսվում էր չորս դպրոցի հնարավորություն տալ իրականացնել ներկայացված ծրագրերը, սակայն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ համաֆինանսավորվեց բարձր միավորներով հաջորդ դպրոցի՝ Շիրակի մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի կողմից ներկայացված ծրագիրը։ Արդյունքում՝ դպրոցում տեղակայվեց 10 կՎտ հզորության արևային կայան։
Ամռան ընթացքում, երբ ծրագրի ուսումնական մասն ավարտվել էր, գիտելիքներն ընդլայնելու և շարունակական զարգացումը խթանելու նպատակով առցանց խմբում աշակերտների համար ոլորտային հարցեր էր տեղադրվում, երեխաները պատասխանում էին հարցերին` ընթերցելով գրականություն կամ առցանց նյութեր։ Ստեղծված առցանց խումբը կշարունակի գործել` նպաստելով «կանաչ» ջոկատայինների հետագա զարգացմանն ու կապի ապահովմանը:
«Ծրագրի շրջանակում ներգրավել ենք էներգետիկ բնագավառի փորձագետներ՝ ոլորտի հանդեպ մասնագիտական հետաքրքրություն հայտնած աշակերտներին փորձագիտական աջակցություն ցուցաբերելու, ուղղորդելու և զարգացման ճանապարհը ցույց տալու նպատակով»,- տեղեկացրեց Ծրագրի մենթորական բաղադրիչի համակարգող Տաթևիկ Վարդանյանը։