«Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցում» միջոցառում
25.04.2021
Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը դեռևս 2020 թվականին մեկնարկել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը։
Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ դպրոցականներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, ինչպես նաև շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներում։
Ծրագիրն իրականացվում է վեց տարբեր մարզերի 10 դպրոցներում, որոնք ընտրվել են ներկայացված դիմումների հիման վրա՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան։ Այս դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար մշակվել են ուսումնական նյութեր և կազմակերպվել առցանց դասընթացներ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ոլորտային առաջատար փորձագետների ներգրավմամբ։ Այնուհետև ֆիզիկայի ուսուցիչները գլխավորել են դպրոցներում ձևավորված «կանաչ» ջոկատները, իրականացրել տեսական և գործնական դասըթնացներ՝ աշակերտների կողմից էներգաօգտագործման ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Դպրոցի էներգաօգտագործման ուսումնասիրություններն առավել արդյունավետ կազմակերպելու համար ջոկատներին տրամադրվել էին նաև չափիչ սարքեր` վատտմետր, լյուքսմետր, ինֆրակարմիր ջերմաչափ:
«Կանաչ» ջոկատների հիմնական խնդիրներից էր նաև իրականացված ուսումնաիսրությունների հիման վրա մշակել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր և ներկայացնել «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցում» մրցույթին՝ կազմակերպությունից դրամաշնորհային միջոցներով կյանքի կոչելու նպատակով։
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում ապրիլի 25-ին Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում տեղի ունեցավ «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցներում» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին ծրագրում ներգրավված մարզային տասը դպրոցների «կանաչ ջոկատի» անդամները, ֆիզիկայի ուսուցիչները և տնօրենները: