«Դիլիջան» Ազգային Պարկի տարածքում թափոնների ճնշումը եւ ազդեցությունը կենսաբազմազանության՝ ինվազիվ եւ ինդիկատոր տեսակների, ինչպես նաեւ ցամաքային, օդային եւ ջրային էկոհամակարգերի վրա
31.05.2022
Հոդվածի հեղինակներ՝ կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Դշխուհի Սահակյան (ԿՏԲԿ Հայաստան), Նունե Հարությունյան (ԿՏԲԿ Հայաստան), կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), կ.գ.թ. Արմինե Հայրապետյան (ԿՏԲԿ Հայաստան) EU BSB 884 ծրագրի աշխատակազմ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB-884 “Սևծովյան ավազանի երկրներում շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգ" (BSB-884 ECO-Monitoring) ծրագրի շրջանակներում իրականացվող կենսաբազմազանության վրա պոտենցիալ աղբյուրների և ճնշման ձևերի միասնական մոնիթորինգի գործառույթի նպատակն է նախապատրաստել և իրականացնել բնակավայրերի ու ինվազիվ տեսակների վրա պոտենցիալ աղբյուրների և ճնշման հիմնական ձևերի համատեղ դիտանց:
Դիլիջան Ազգային պարկի գործունեության ընթացքում հիմնական խնդիրը և գերակայությունը կենսաբանական բազմազանության պահպանումն է և բնական վերականգնվող ռեսուրսների կայուն օգտագործումը: Թվարկված խնդիրների իրականացման նպատակով ծրագրում մշակվել և իրականացվել են հետևյալ գործողությունները.
1. Բնական միջավայրերի և ինվազիվ տեսակների վիճակի վերաբերյալ առկա տեղեկատվության վերլուծություն, պահպանվող տարածքներում մոնիթորինգի համար առաջնային տեղամասերի ընտրություն, նախագծում ներառված պահպանվող տարածքներում մարդածին ճնշման մոնիթորինգի մեթոդաբանությունների հարմարեցում:
2. Ծրագրում ընդգրկված պահպանվող տարածքներում առանցքային բնակավայրերի և ինվազիվ տեսակների վրա հնարավոր աղբյուրների և ճնշման ձևերի մոնիթորինգ և գնահատում:
Ազգային պարկի առանցքային բնակավայրերի և ինվազիվ տեսակների վրա հնարավոր աղբյուրների և ճնշման ձևերի մոնիթորինգի ու գնահատման նպատակով ուսումնասիրվել են պարկի տուրիստական երթուղիները, համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության հիմնական ձևերը, ինչպես նաև պարկի տարածքում գտնվող բնակավայրերում աղբի կառավարման խնդիրները:
Ի թիվս աղտոտման այլ աղբյուրների՝ ճնշման աղբյուրների թվում առաջնային տեղ ունեն թափոնները: Այցերի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված հետազոտությունները հնարավորություն են տալիս ազդեցությունների բացահայտումից զատ նաև անել որոշակի հետևություններ: