«էկոթոն՛25»-ն իր շուրջն էր համախմբել համայնքների հզորացմամբ և կլիմայական դիմակայությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներին
15.08.2025
Սույն թվականի օգոստոսի 14-15-ին կայացավ երկօրյա «էկոթոն՛25» միջոցառումը, որն անցկացվեց «Համայնքների հզորացմանն ուղղված կայուն կլիմայական դիմակայունությունը՝ կիրառելով բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքները» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ: Միջոցառումը նպատակ ուներ միասնական ջանքերով նպաստելու խոցելի համայնքների կլիմայադիմակայուն զարգացմանը, կենսաբազմազանության պահպանմանը, կայուն և մաքուր էներգետիկ զարգացմանը, քննարկելու համատեղ իրազեկման ու ծրագրերի իրականացման հնարավորությունները, զարգացման հնարավորությունները թիրախային Աշոցք և Ամասիա համայնքներում՝ հաշվի առնելով նաև Արփի լիճ ազգային պարկի առկայությունը համայնքներում։
«Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը Գերմանական հիմնադրամ է և գործում Է Հայաստանում 1990-ականներից հիմնական արժեքների շուրջ՝ ազատություն արդարություն և համերաշխություն։ Այս ծրագրի իրականացման ընթացքում կարևորում ենք հենց մասնակցային ձևաչափը, որպեսզի համայնքն ինքն իր համար հստակ ձևակերպի՝ ինչ ապագա է ուզում տեսնել, այնուհետև ոլորտի փորձագետների հետ հանիպումների արդյունքում իր զարգացման տեսլականն ու դերակատարումն ունենա համայնքի զարգացման գործում»,— նշեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շուշանա Սիրականյանը։
«էկոթոն ՛25» մասնակիցների թվում էին պետական, համայնքային կառույցների, մասնագիտական և գիտակրթական համայնքի, միջազգային և հասարակական կազմակերպությունների, Աշոցք և Ամասիա համայնքների մասնավոր և հասարակական հաստատությունների ներկայացուցիչները։ Միջոցառման օրակարգը ներառեց համայնքների զարգացման, կլիմայի փոփոխության դիմակայման, կենսաբազմազանության պահպանման ազգային ռազմավարությունների ներկայացումը, քննարկվեց համայնքների տնտեսական կայունությունը բնական միջավայրի, կենսաբազմազանության պահպանման համատեքստում, ազգային պարկի փոխհարաբերությունները տնտեսվարողների և հարակից բնակավայրերի հետ։ Քննարկվեցին նաև ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով համայնքների երկար ջեռուցման սեզոնը և կլիմայական մարտահրավերները։ Ներկայացվեց նաև կենսագազի օգտագործման ներուժը Հայաստանում։