Փարիզյան Համաձայնագիր
Փարիզյան Համաձայնագիր
Ինչ է Փարիզյան Համաձայնագիրը։
Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխության վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային պայմանագիր է: Այն ընդունվել է 195 Կողմերի կողմից ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում (COP21) Փարիզում, Ֆրանսիա, 2015 թվականի դեկտեմբերի 12-ին: Այն ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին։ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Փարիզի համաձայնագիրը 2017թ. փետրվարի 8-ին:
Դրա գերակա նպատակն է պահել գլոբալ ﬕջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյնաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2°C-ից ցածր մակարդակում՝ ﬕաժամանակ ձգտելով չգերազանցել 1,5°C:»։
Այնուամենայնիվ, վերջին տարիներին, աշխարհի առաջնորդները շեշտում են մինչև դարի ավարտը գլոբալ տաքացումը նախաարդյունաբերական մակարդակից առավելագույնը 1.5°C-ով սահմանափակելու անհրաժեշտությունը։ Դա պայմանավորված է նրանով, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական խումբը նշում է, որ 1.5°C շեմի գերազանցումը կարող է հանգեցնել կլիմայի փոփոխության շատ ավելի լուրջ հետևանքների, այդ թվում՝ ավելի հաճախակի և ուժեղ երաշտների, ջերմային ալիքների և տեղումների։ Գլոբալ տաքացումը 1.5°C-ով սահմանափակելու համար ջերմոցային գազերի արտանետումները պետք է հասնեն իրենց գագաթնակետին ամենաուշը մինչև 2025 թվականը և նվազեն 43%-ով մինչև 2030 թվականը։
Փարիզի համաձայնագիրը կլիմայի փոփոխության բազմակողմ գործընթացում շրջադարձային նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ պարտադիր համաձայնագիրը միավորում է բոլոր ազգերին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու և դրա հետևանքներին հարմարվելու համար։
Ինչպե՞ս է գործում Փարիզյան համաձայնագիրը։
Փարիզի համաձայնագրի իրականացումը պահանջում է տնտեսական և սոցիալական վերափոխումներ, որոնք հիմնված են առկա լավագույն գիտության վրա: Փարիզի համաձայնագիրը գործում է երկրների կողմից իրականացվող ավելի ու ավելի հավակնոտ կլիմայական գործողությունների՝ կամ, ավելի ու ավելի արագացված գործողությունների հնգամյա ցիկլի վրա:
2020 թվականից սկսած՝ երկրները ներկայացնում են իրենց ազգային կլիմայական գործողությունների ծրագրերը, որոնք հայտնի են որպես ազգային մակարդակով սահմանված գործողություններ (NDC-ներ)։ Յուրաքանչյուր հաջորդող NDC նախատեսված է արտահայտելու ավելի բարձր մակարդակի հավակնություն՝ համեմատած նախորդի հետ։
Ճանաչելով, որ անհրաժեշտ է արագացված գործողություն՝ գլոբալ տաքացումը 1.5°C-ով սահմանափակելու համար, COP27-ի եզրափակիչ որոշմամբ Կողմերին հորդորվել է մինչև 2023 թվականի վերջ վերանայել և ուժեղացնել իրենց NDC-ներում ներկայացված 2030 թ․ թիրախները՝ դրանք համապատասխանեցնելով Փարիզի համաձայնագրի ջերմաստիճանային նպատակին՝ հաշվի առնելով ազգային տարբեր իրավիճակները։
Իրենց ազգային մակարդակով սահմանված գործողություններում (NDC-ներում) երկրները ներկայացնում են այն գործողությունները, որոնք նախատեսում են իրականացնել՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու և Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու համար։ Բացի այդ, NDC-ներում երկրները ներկայացնում են այն քայլերը, որոնք կուղղվեն կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու կարողությունների ամրապնդմանը և դիմադրողականության բարձրացմանը։
Փարիզի համաձայնագիրը երկրներին հորդորում է մշակել և ներկայացնել երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություններ (ԵԺ-ՑԱԶՌ, անգլերեն՝ LT-LEDS՝ Long-Term Low Greenhouse Gas Emission Development Strategies), որոնք կծառայեն որպես ուղեցույց՝ երկարաժամկետ նպատակներին հասնելու գործընթացում։
Երկարաժամկետ ռազմավարությունները ապահովում են հեռանկարային ուղղություն ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC-ների) համար։ Ի տարբերություն NDC-ների՝ դրանք պարտադիր չեն, սակայն կարևոր դեր ունեն՝ ընդգծելով երկրների երկարաժամկետ պլանավորման և զարգացման առաջնահերթությունները՝ ներկայացնելով ապագա զարգացման տեսլականն ու ուղին։
Ինչպե՞ս են երկրները միմյանց աջակցում։
Փարիզի համաձայնագիրը սահմանում է ֆինանսական, տեխնիկական և կարողությունների զարգացման աջակցության շրջանակ այն երկրների համար, որոնք դրա կարիքն ունեն։
Տեխնոլոգիա․ Փարիզի համաձայնագիրը խոսում է տեխնոլոգիաների զարգացման և դրանց իրագործման տեսլականի մասին՝ ինչպես կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման, այնպես էլ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար: Համաձայնագիրը սահմանում է տեխնոլոգիական շրջանակ՝ լավ գործող տեխնոլոգիական մեխանիզմի համար ընդհանուր ուղեցույց տրամադրելու համար: Մեխանիզմը արագացնում է տեխնոլոգիաների զարգացումը և փոխանցումը իր քաղաքականության և իրականացման խողովակի միջոցով:
Կարողությունների զարգացում․ Ոչ բոլոր զարգացող երկրներն ունեն բավարար կարողություններ կլիմայի փոփոխության հետ կապված բազմաթիվ մարտահրավերների դեմ պայքարելու համար: Արդյունքում, Փարիզի համաձայնագիրը մեծ շեշտադրում է կատարում զարգացող երկրների կլիմայի հետ կապված կարողությունների զարգացման վրա և կոչ է անում բոլոր զարգացած երկրներին ընդլայնել զարգացող երկրներում կարողությունների զարգացման գործողությունների աջակցությունը:
Ինչպե՞ս են առաջընթացը գնահատում։
Փարիզի համաձայնագրով երկրները հիմնեցին գործողությունների ընդլայնված թափանցիկության շրջանակ (Enhanced Transparency Framework - ETF): 2024 թվականից սկսած ETF-ի շրջանակներում երկրները թափանցիկ կերպով կներկայացնեն կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության միջոցառումների և տրամադրված կամ ստացված աջակցության ոլորտում ձեռնարկված գործողությունների և առաջընթացի մասին: Այն նաև նախատեսում է միջազգային ընթացակարգեր ներկայացված զեկույցների վերանայման համար։
ETF-ի միջոցով հավաքված տեղեկատվությունը կներառվի Գլոբալ գնահատման (Global stocktake) մեջ, որը կգնահատի կլիմայական երկարաժամկետ նպատակների ուղղությամբ համատեղ առաջընթացը։ Սա կհանգեցնի երկրների համար առաջարկությունների՝ հաջորդ փուլում ավելի հավակնոտ ծրագրեր սահմանելու համար։
Ի՞նչի ենք մենք հասել մինչ օրս։
Չնայած այն հանգամանքին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները պետք է զգալիորեն ընդլայնվեն՝ Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու համար, դրա ուժի մեջ մտնելուց հետո անցած տարիներն արդեն իսկ հանգեցրել են ցածր ածխածնային լուծումների և նոր շուկաների ի հայտ գալուն։ Աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ, տարածաշրջաններ, քաղաքներ և ընկերություններ սահմանում են ածխածնային չեզոքության նպատակներ։ Զրոյական ածխածնային լուծումները դառնում են մրցունակ այն տնտեսական ոլորտներում, որոնք կազմում են գլոբալ արտանետումների շուրջ 25%-ը։ Այս միտումը հատկապես նկատելի է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում՝ ստեղծելով բազմաթիվ նոր բիզնես հնարավորություններ այն դերակատարների համար, որոնք հանդես են գալիս որպես վաղ նախաձեռնողներ։
Մինչև 2030 թվականը զրոյական ածխածնային լուծումները կարող են դառնալ մրցունակ այն ոլորտներում, որոնք ներկայացնում են համաշխարհային արտանետումների ավելի քան 70%-ը։