Փարիզյան համաձայնագրի հիմնական դրույթները
Փարիզյան համաձայնագրի հիմնական դրույթները
2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում կայացած COP 21-ում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերը կարևորագույն համաձայնության եկան կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կայուն ցածր ածխածնային ապագայի համար անհրաժեշտ գործողություններն ու ներդրումները արագացնելու ու ինտենսիվացնելու վերաբերյալ: Փարիզի համաձայնագիրը հիմնված է Կոնվենցիայի վրա և՝ առաջին անգամ, միավորում է բոլոր ազգերին միասնական նպատակի շուրջ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի և դրա հետևանքներին հարմարվելու ուղղությամբ հավակնոտ ջանքեր գործադրելու համար՝ միաժամանակ ապահովելով աջակցություն զարգացող երկրներին այդ ջանքերը իրականացնելու գործում։ Այսպիսով, համաձայնագիրը նախանշել է նոր ուղի գլոբալ կլիմայական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:
Փարիզի համաձայնագրի կենտրոնական նպատակն է ուժեղացնել գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքին ՝այս դարում գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելով նախաարդյունաբերական մակարդակից զգալիորեն ցածր՝ 2°C-ով, և ջանքեր գործադրելով այն նույնիսկ սահմանափակելու մինչև 1.5°C։ Բացի այդ, համաձայնագիրը նպատակ ունի բարձրացնել երկրների կարողությունը՝ հաղթահարելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները և ֆինանսական հոսքերը համապատասխանեցնելու ջերմոցային գազերի ցածր արտանետումների և կլիմայի նկատմամբ դիմադրողականության ուղուն։ Այս հավակնոտ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ֆինանսական միջոցների համապատասխան մոբիլիզացում և տրամադրում, ստեղծել նոր տեխնոլոգիական շրջանակ, ինչպես նաև զարգացնել կարողությունները՝ մասնավորապես զարգացող և առավել խոցելի երկրներում՝ հաշվի առնելով դրանց ազգային առաջնահերթություններն ու նպատակները։ Համաձայնագիրն ընդգծում է նաև թափանցիկության բարձրացված շրջանակի անհրաժեշտությունը՝ գործողությունների և աջակցության հաշվետվողականությունն ապահովելու համար։
Փարիզի համաձայնագիրը պահանջում է, որ բոլոր կողմերը ներդնեն իրենց առավելագույն ջանքերը «ազգային մակարդակով սահմանված գործողությունների» (NDC) միջոցով և շարունակաբար ամրապնդեն այդ ջանքերը: Սա ներառում է նաև պահանջ, որ բոլոր կողմերը պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն իրենց ջերմոցային գազերի արտանետումների և գործողություւնների իրականացման վերաբերյալ: Ըստ համաձայնագրի դրույթների յուրաքանչյուր 5 տարին մեկ կանցկացվի գլոբալ գնահատում/գույքագրում՝ համաձայնագրի նպատակին հասնելու ուղղությամբ համատեղ առաջընթացը գնահատելու և կողմերի հետագա անհատական գործողությունները հիմնավորելու համար:
Փարիզի համաձայնագիրը, որն ընդունվել է 1/CP.21 որոշմամբ, անդրադառնում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար անհրաժեշտ մի շարք կարևորագույն ոլորտների։ Համաձայնագրի հիմնական ասպեկտներից մի քանիսը ներկայացված են ստորև․
Ջերմաստիճանի նպատակադրում (հոդված 2) - Փարիզի համաձայնագիրը, որի նպատակն է ուժեղացնել կլիմայի փոփոխության նկատմամբ գլոբալ արձագանքը, վերահաստատում է գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելու նպատակը՝ պահելով այն նախաարդյունաբերական մակարդակներից զգալիորեն ցածր՝ 2°C-ի սահմանում, միաժամանակ շարունակելով ջանքերը՝ ջերմաստիճանի աճը սահմանափակելու մինչև 1.5°C։
Համաշխարհային գագաթնակետ և «կլիմայի չեզոքություն» (հոդված 4) – Այս ջերմաստիճանային նպատակին հասնելու համար Կողմերը ձգտում են հնարավորինս շուտ հասնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների համաշխարհային գագաթնակետին՝ գիտակցելով, որ գագաթնակետին հասնելը ավելի երկար կտևի զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի համար, որպեսզի այս հարյուրամյակի երկրորդ կեսում ապահովվի հավասարակշռություն՝ աղբյուրների միջոցով մարդածին արտանետումների և ջերմոցային գազերի կլանիչների միջոցով կլանումների միջև։
Մեղմում (հոդված 4) – Փարիզի համաձայնագիրը սահմանում է բոլոր կողմերի համար պարտադիր պարտավորություններ՝ մշակելու, հաղորդելու և պահպանելու ազգային մակարդակով սահմանված գործողություններ (NDC) և իրականացնելու դրանց հասնելու համար ներքին միջոցառումներ: Այն նաև սահմանում է, որ կողմերը պետք է յուրաքանչյուր 5 տարին մեկ հաղորդեն իրենց NDC-ները և տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն՝ պարզության և թափանցիկության համար: Ավելի բարձր հավակնությունների համար ամուր հիմք ստեղծելու համար, յուրաքանչյուր հաջորդ NDC-ն պետք է ներկայացնի առաջընթաց նախորդի համեմատ և արտացոլի հնարավոր առավելագույն հավակնությունը: Զարգացած երկրները պետք է շարունակեն հանդես գալ որպես առաջատար՝ ձեռնարկելով ողջ տնտեսության վրա տարածվող արտանետումների կրճատման բացարձակ նպատակակետեր, մինչդեռ զարգացող երկրները պետք է շարունակեն ուժեղացնել իրենց մեղմման ջանքերը և խրախուսվում են ժամանակի ընթացքում շարժվել տնտեսության լայնածավալ նպատակներին՝ հաշվի առնելով իրենց ազգային առանձնահատկությունները։
Կլանիչներ և կուտակիչներ (հոդված 5) – Փարիզի համաձայնագիրը նաև խրախուսում է կողմերին պահպանել և, անհրաժեշտության դեպքում, ընդլայնել ջերմոցային գազերի կլանիչներն ու կուտակիչները, ներառյալ անտառները, ինչպես նշված է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1(դ) պարբերությունում։
Կամավոր համագործակցություն/Շուկայական և ոչ շուկայական մոտեցումներ (Հոդված 6) – Փարիզի համաձայնագիրը ճանաչում է կողմերի միջև կամավոր համագործակցության հնարավորությունը` ավելի բարձր հավակնություններ ապահովելու համար, և սահմանում է սկզբունքներ, այդ թվում՝ շրջակա միջավայրի ամբողջականություն, թափանցիկություն և հուսալի հաշվապահություն` մեղմման գործողությունների արդյունքների միջազգային փոխանցում ներառող ցանկացած համագործակցության համար: Այն ստեղծում է մեխանիզմ՝ ջերմոցային գազերի արտանետումների մեղմմանը նպաստելու և կայուն զարգացմանն աջակցելու համար, և սահմանում է կայուն զարգացման ոչ շուկայական մոտեցումների շրջանակ:
Հարմարվողականություն (հոդված 7) – Փարիզի համաձայնագիրը սահմանում է հարմարվողականության վերաբերյալ գլոբալ նպատակ՝ հարմարվողական կարողությունների բարձրացում, դիմադրողականության ամրապնդում և կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության նվազեցում՝ Համաձայնագրի ջերմաստիճանային նպատակի համատեքստում: Այն նպատակ ունի զգալիորեն ամրապնդել ազգային հարմարվողական ջանքերը, այդ թվում՝ աջակցության և միջազգային համագործակցության միջոցով: Այն ճանաչում է, որ հարմարվողականությունը բոլորի առջև ծառացած գլոբալ մարտահրավեր է: Բոլոր Կողմերը պետք է ներգրավվեն հարմարվողականության գործընթացում, այդ թվում՝ մշակելով և իրականացնելով Ազգային հարմարվողական ծրագրեր, և պետք է ներկայացնեն ու պարբերաբար թարմացնեն իրենց առաջնահերթությունները, կարիքները, ծրագրերը և գործողությունները նկարագրող հարմարվողական հաղորդագրություն: Զարգացող երկրների հարմարվողական ջանքերը պետք է ճանաչվեն:
Կորուստներ և վնասներ (հոդված 8) – Փարիզի համաձայնագիրը ճանաչում է կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների, այդ թվում՝ ծայրահեղ եղանակային երևույթների և դանդաղ սկսվող երևույթների հետ կապված կորուստների և վնասների կանխարգելման, նվազագույնի հասցնելու և դրանց հաղթահարման կարևորությունը, ինչպես նաև կայուն զարգացման դերը կորուստների և վնասների ռիսկի նվազեցման գործում: Կողմերը պետք է ընդլայնեն կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների հետ կապված կորուստների և վնասների վերաբերյալ փոխըմբռնումը, գործողությունները և աջակցությունը, այդ թվում՝ Վարշավայի միջազգային մեխանիզմի միջոցով, համագործակցային և օժանդակող հիմունքներով:
Ֆինանսավորում, տեխնոլոգիա և կարողությունների զարգացման աջակցություն (հոդվածներ 9, 10 և 11) – Փարիզի համաձայնագիրը վերահաստատում է զարգացած երկրների պարտավորությունները՝ աջակցելու զարգացող երկրների Կողմերի ջանքերին՝ կառուցելու մաքուր, կլիմայադիմակայուն ապագա, միաժամանակ առաջին անգամ խրախուսելով մյուս Կողմերի կամավոր ներդրումները: Ռեսուրսների տրամադրումը պետք է նաև նպատակ ունենա հավասարակշռություն ապահովել հարմարվողականության և մեղմման միջև: Բացի արդեն տրամադրված ֆինանսավորման վերաբերյալ հաշվետվությունից, զարգացած երկրների Կողմերը պարտավորվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ ներկայացնել ապագա աջակցության վերաբերյալ ինդիկատիվ տեղեկատվություն, ներառյալ հանրային ֆինանսների կանխատեսվող մակարդակները: Համաձայնագիրը նաև նախատեսում է, որ Կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմը, ներառյալ Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ), պետք է ծառայի Համաձայնագրին: Զարգացող աշխարհում կլիմայական առումով անվտանգ տեխնոլոգիաների մշակման և փոխանցման, ինչպես նաև կարողությունների զարգացման միջազգային համագործակցությունը նույնպես ամրապնդվում է՝ Համաձայնագրի շրջանակներում ստեղծվում է տեխնոլոգիական շրջանակ, և կարողությունների զարգացման գործունեությունը կամրապնդվի, ի թիվս այլոց, զարգացող երկրների Կողմերում կարողությունների զարգացման գործողությունների աջակցության և համապատասխան ինստիտուցիոնալ կարգավորումների միջոցով:
Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթությունը, ուսուցումը, հանրային իրազեկումը, հանրային մասնակցությունը և տեղեկատվության հասանելիությունը (Հոդված 12) նույնպես պետք է ուժեղացվեն Համաձայնագրի շրջանակներում:
Թափանցիկություն (հոդված 13), իրականացում և համապատասխանություն (հոդված 15) – Փարիզի համաձայնագիրը հիմնված է թափանցիկության և հաշվապահական ամուր համակարգի վրա՝ կողմերի գործողությունների և աջակցության վերաբերյալ պարզություն ապահովելու համար՝ ճկունություն ապահովելով կողմերի տարբեր կարողությունների համար: Բացի մեղմման, հարմարվողականության և աջակցության վերաբերյալ տեղեկատվության ներկայացումից, Համաձայնագիրը պահանջում է, որ յուրաքանչյուր Կողմի կողմից ներկայացված տեղեկատվությունը ենթարկվի միջազգային տեխնիկական փորձագիտական վերանայման: Համաձայնագիրը նաև ներառում է մեխանիզմ, որը կնպաստի իրականացմանը և կխթանի համապատասխանությունը ոչ հակառակորդական և ոչ պատժիչ եղանակով, և ամեն տարի կներկայացվի CMA-ին:
Գլոբալ գնահատում/գույքագրում (հոդված 14) – Գլոբալ գնահատումը կամ գույքագրումը, որը տեղի կունենա 2023 թվականին և դրանից հետո յուրաքանչյուր 5 տարին մեկ, կգնահատի Համաձայնագրի նպատակին հասնելու ուղղությամբ համատեղ առաջընթացը՝ համապարփակ և օժանդակ կերպով: Այն հիմնված կլինի առկա լավագույն գիտության և դրա երկարաժամկետ գլոբալ նպատակի վրա: Դրա արդյունքները հիմք կհանդիսանան Կողմերի համար իրենց գործողությունները թարմացնելու և բարելավելու, ինչպես նաև կլիմայի փոփոխության գործողությունների շուրջ միջազգային համագործակցությունը ընդլայնելու հարցում: