«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» մրցանակաբաշխություն
Մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։ Միջոցառումը կարևոր հարթակ կստեղծի լավագույն փորձի տարածման համար, կխթանի շահագրգիռ կողմերի համագործակցությունը՝ ուշադրություն հրավիրելով կանանց և տղամարդկանց վրա կլիմայի փոփոխության անհամաչափ ազդեցության ուղղությամբ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության հետ համատեղ, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում - մրցանակաբաշխությունը՝ նպատակ ունենալով ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։
Կանայք կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, և, թեև նրանք հաճախ կլիմայի փոփոխության հետևանքով ենթարկվում են անհամաչափ ազդեցության, այնուամենայնիվ, նրանց ձայնը միշտ չէ, որ լսելի է, իսկ ներդրումը՝ մեծամասամբ տեսանելի չէ: Անհերքելի է, սակայն, այն փաստը, որ ոլորտում կանանց կողմից իրականացված գործողություններն արձանագրել և արձանագրում են հաջողություններ:
Հայաստանն աշխարհի 197 երկրների հետ միասին 1994 թվականին միացել է Կլիմայի Փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիային՝ պարտավորվելով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն ու իրականացնել միջոցառումներ՝ կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու ուղղությամբ: 30 տարի առաջ կլիմայի փոփոխության քաղաքականությունները և գործողությունները չէին առանձնացնում կանանց և տղամարդկանց կարիքներն ու հնարավորությունները, սակայն, տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների և համապատասխան փորձի ձեռքբերման արդյունքում կարևորվեց կանանց դերակատարումը ոլորտում և, հետևաբար, կանանց առաջնորդության խրախուսման հարցը դարձավ օրակարգային թե՛ ազգային ռազմավարություններում, թե՛ միջազգային ծրագրերում: Դա, անշուշտ, նպաստեց, որպեսզի բնագավառի քաղաքականություններն ու գործողությունները դառնան ավելի արդյունավետ և ներառական՝ հասարակության բոլոր անդամների համար:
Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, և նրանց ներդրումը պետք է ճանաչվի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը։
Անվանակարգեր
Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ,
Կլիմայի փոփոխության հարմարվողականության լուծումներ,
Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն,
Կլիմայական խնդիրների և լուծումների լուսաբանում,
Կլիմայական կրթություն բոլորի համար,
Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ,
Երիտասարդները կլիմայական գործողություններում։
Մրցանակաբաշխության ընթացքում կանցկացվի կլիմայական լուծումների խրախուսմանը նվիրված պարգևատրում, որի նպատակն է խրախուսել կանանց կամ աղջիկների կողմից ղեկավարվող/համակարգվող նոր նախագծերը։ Մտքերի կամ սկսնակ նախագծերի շրջանում նախատեսվում են հաղթողներ հետևյալ երկու անվանակարգերում`
Լավագույն լուծում տեխնիկական/տեխնոլոգիական լուծումներով,
Լավագույն լուծում ոչ տեխնիկական լուծումներով։
1. Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումների անվանակարգում դիտարկվում են հետևյալ ոլորտները՝
Էներգետիկա (ներառյալ էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը շենքերում և այլ բնագավառներում, էներգիայի արտադրություն և սպառում, ոլորտային թվային լուծումներ)
Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում (հանքային արդյունաբերություն և F-գազեր)
Գյուղատնտեսություն (աղիքային խմորում, ուղղակի և անուղղակի N2O արտանետումներ կառավարվող հողերից)
Թափոններ (կոշտ թափոնների կառավարում, կեղտաջրեր)
Անտառային տնտեսություն (անտառապատում, անտառների պահպանություն) և այլ հողօգտագործում
2. Կլիմայի փոփոխության հարմարվողականության լուծումների անվանակարգում դիտարկվում են հարմարվողականության լուծումները հետևյալ հիմնական ոլորտներում՝
բնական էկոհամակարգեր (ջրային եւ ցամաքային, ներառյալ` անտառային էկոհամակարգեր, կենսաբազմազանություն և հողածածկույթ),
մարդու առողջություն,
ջրային ռեսուրսների կառավարում,
գյուղատնտեսություն, ներառյալ` ձկնաբուծություն և անտառային տնտեսություն,
էներգետիկա,
բնակավայրեր և ենթակառուցվածքներ
զբոսաշրջություն
3. Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն անվանակարգում դիտարկվում են համայնքային մասշտաբի կլիմայական լուծումները, քաղաքականությունները և այլն, օրինակ էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը համայնքային շենքերում։
4. Կլիմայական խնդիրների և լուծումների լուսաբանում անվանակարգում դիտարկվում են իրազեկմանն ուղղված միջոցառումները, հոլովակները, հոդվածները, լուսաբանված ուսումնասիրությունները
5. Կլիմայական կրթությունը բոլորի համար անվանակարգում դիտարկվում են կրթական, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված գործողությունները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերում կլիմայական կրթության ինտեգրումը
6. Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ անվանակարգում դիտարկվում են ֆինանսավորման մեխանիզմները, լուծումների կիրառումը, բիզնես մոդելները, ինչպես նաև ոլորտային նորարարությունները
7. Երիտասարդները կլիմայական գործողություններում անվանակարգում դիտարկվում են մինչև 30 տարեկան երիտասարդների կլիմայական գործողություններում