"Կանայք հանուն կլիմայի ու էներգետիկայի" համաժողով

27.12.2019

Կանայք կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, և, թեև նրանք հաճախ կլիմայի փոփոխության հետևանքով ենթարկվում են անհամաչափ ազդեցության, այնուամենայնիվ նրանց ձայնը միշտ չէ, որ լսելի է՝ քաղաքականության մշակման գործընթացներում սահմանափակ մասնակցության և որոշումների կայացման մակարդակում ցածր ներկայացվածության պատճառով: Այժմ ավելի, քան երբևէ, կլիմայական գործողություններին վերաբերող քննարկումներում կանանց մասնակցության և առաջնորդության ընդլայնումն ունի կարևորագույն նշանակություն՝ բոլորի համար առողջ, բարգավաճ և կայուն ապագա ապահովելու նպատակով:

‍Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, և նրանց ներդրումը պետք է ճանաչվի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը:

Համաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի կայուն զարգացման նպատակով կլիմայի և էներգետիկայի ոլորտում աշխատող կանանց և աղջիկներին, օրենսդիրներին, պետական, հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, սոցիալական խմբերին և երիտասարդներին:

Համաժողովը բաղկացած էր երեք պանելային քննարկումներից: Առաջին քննարկմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՄԱԶԾ Կանանց հզորացման և գենդերային հավասարության ծրագրի համակարգող Նատալիա Հարությունյանը: Նրանք ընդգծեցին կանանց դերը կլիմայի փոփոխության հետ կապված գործընթացում: Անդրադարձան այն ինստիտուցիոնալ և վարքագծային փոփոխություններին, որոնք անհրաժեշտ է կատարել կանանց այդ գործընթացներում ներգրավելու նպատակով:

Երկրորդ քննարկումը  նվիրված էր կլիմայի և էներգետիկայի ոլորտի հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձացված խնդիրներին: Որոնք են այն պատճառները, համաձայն որոնց կլիմայական գործողություններում անհրաժեշտ է կանանց մասնակցությունը, և ինչ գործունեություն պետք է ծավալեն երիտասարդ կանայք այս ոլորտներում: Այս թեմաների շուրջ ելույթ ունեցան «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը,  «Կանաչ Արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրեն Նունե Հարությունյանը:

Երրորդ քննարկումը նվիրված էր երիտասարդ կանանց՝ կլիմայի և էներգիայի ոլորտներում առկա խնդիրների լուծման գործընթացներում արդյունավետ մասնակցությանը: Քննարկմանը մասնակցեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության զարգացման ծրագրերի բաժնի պետ Գայանե Կոլյանը, «ՖԱՍՏ» հիմնադրամի ներկայացուցիչ, երիտասարդ գիտնական Աստղիկ Հակոբյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Բարսեղյանը, «Էկո Ստեպ-արևային էներգիայի լուծումներ» ընկերության համահիմնադիր Մարիամ Կաչաչյանը և այս երեք քննարկումների ամենից երիտասարդ մասնակիցը՝ Այրում համայնքի «ԿԱԹԻԼ» նախաձեռնության ղեկավար, 17-ամյա  Ծաղիկ Կարոյանը: 

«Մենք նպատակ ունենք աջակցելու և միավորելու էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտներում գործունեություն ծավալող կանանց և երիտասարդներին ՝ ստեղծելով նման հարթակներ, որտեղ կքննարկվեն ոլորտային հիմնախնդիրները, կառաջարկվեն լուծումներ, կհիմնվեն համագործակցություններ և, այս տարբերակով, մասնակից կդառնանք հանրային քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներին»,- ասաց «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ՝ «Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրությունը ՄԱԿ ԿՓՇԿ-ին և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում: