«Սեւանա լճի ավազանի հողածածկույթի եւ մարդածին ճնշումների քարտեզագրում» խորագրով աշխատարան

06.09.2022


Սույն թվականի սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ «Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշման քարտեզագրում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներքո: Աշխատաժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանից, Գավառ խոշորացված համայնքի  15 բնակավայրերից, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, ովքեր իրենց ներդրումն ունեցան ավարտական արդյունքի ամբողջացման աշխատանքում:  


Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետազոտական թիմի կողմից պատրաստված արբանյակային տվյալների և դաշտային հետազոտությունների հիման վրա մշակված հողածածկույթի և թեժ կետերի քարտեզները: Աշխատաժողովից հետո մասնակցային մեթոդով անցկացվեց գործնական աշխատանք, որի ժամանակ Գավառ համայնքի ներկայացուցիչները ՀԿ-ի և ծրագրի թիմի հետ համատեղ վերանայեցին քարտեզագրական նյութերը, բացահայտեցին խնդիրները և ներկայացրեցին առաջարկներ։ Մշակված քարտեզները և աղյուսակները էլ․ փոստով կուղարկվեն բնակավայրերի ներկայացուցիչներին՝ վերջնական լրացումներ կատարելու համար։

EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող այս  գործողության նպատակն է ձեռք բերել հողածածկույթի բնութագրերի և մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա մարդածին ճնշումների վերաբերյալ տարածական տվյալներ՝ Սևանա լճի ավազանում սոցիալական, տնտեսական և բնապահպանական ասպեկտների միջև փոխազդեցություններն ավելի լավ հասկանալու համար։ Այս տվյալները կաջակցեն EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների, ինչպես նաև Սևանի ջրավազանային կառավարման պլանով սահմանված միջոցառումների առավել արդյունավետ պլանավորմանն ու իրագործմանը։ 


Աշխատարանն ամփոփվեց հարց ու պատասխաններով, ջրային ռեսուրսների մասնակցային կառավարման խնդիրների, ինչպես նաև առաջիկա քայլերի և համագործակցության ուղիների վերաբերյալ խմբային քննարկումով:


EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, եւ ՄԱԶԾ կողմից: