«Էկո կաֆե» աշխատաժողով ուսուցիչների հետ
07.06.2023
Տեղի ունեցավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ- ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ գիրք» էկոկրթությունը ՏՀՏ գործիքների կիրառմամբ» ծրագրով նախատեսված «Էկո կաֆե» խորագիրը կրող աշխատաժողովը։ Իր անվանումով և ձևաչափով յուրօրինակ և նախադեպային այս աշխատաժողովին մասնակցում էր երևանյան վեց տարբեր դպրոցների ավելի քան երեսուն ուսուցիչ։
«Էկո կաֆե» աշխատաժողովը նպատակ ուներ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, շրջակա միջավայրի և աշխարհագրության ուսուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում ունենալ ծրագրով նախատեսված կրթական մոդուլների ճիշտ և թիրախային նախանշում, համատեղ քննարկումներ առաջադրված թեմաների շուրջ, ինչպես նաև կարծիքների, մտքերի և փորձի փոխանակում:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՄԱԶԾ Փոքր դրամաշնորհային ծրագրերի համակարգող Սվետլանա Հարությունյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սաքանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Նունե Սաքանյանը ողջունելով մասնակիցներին նշեց, որ,- «Այս ծրագրի իրագործումը ժամանակի հրամայական է, քանի որ ամեն տարի բևեռացումը մարդու և բնության միջև խորանում է, իսկ դրա հետ խորանում են նաև էկոլոգիական խնդիրները՝ ազդելով մարդու բարեկեցության վրա։ Ներդրումները կլիմայի փոփոխության հակազդման գործընթացում պահանջում են և՛ կրթված փորձագետներ, և՛ գիտակից քաղաքացիներ, որտեղ ոլորտային ուսուցիչների դերակատարությունն անգնահատելի է:
Վերջին տարիներին արագացել են թվայնացման գործընթացները և հիմա, նույնիսկ հեռավոր գյուղերում, դպրոցականներն ունեն հնարավորություն միանալու համացանցին, նոր տեխնոլոգիական գործիքների միջոցով որակյալ կրթություն ստանալու նպատակով։ Դե իսկ մենք մեզ պարտավորված ենք զգում շարժվել ժամանակակից թվայնացման զարգացմանը զուգահեռ և ստեղծել հավասար հնարավություններ բոլորի համար՝ որակյալ և ինտերակտիվ կրթություն ստանալու նպատակով»:
Այնուհետև Սվետլանա Հարությունյանն իր խոսքում հատկապես ընգծեց ՄԱԶԾ Փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում աշակերտների մոտ էկոլոգիական կրթության ու դաստիարակության զարգացման կարևորության մասին: Այնուհետև նշեց, որ,-«Այս համատեքստում արդեն չորս տարի է, ինչ աշխատում ենք Կանայք կլիմայում և էներգետիկայում կզմակերպության հետ կրթական ծրագրերի իրականացման շուրջ: Արդեն ունենք գրանցված հաջողություններ, և, չցանկանալով կանգ առնել մեր ձեռքբերումների ճանապարհին՝ այս անգամ որոշեցինք ստեղծել մնայուն կրթական ծրագրեր, որոնք հասանելի կլինեն բոլորի համար՝ անկախ աշխարհրագրական դիրքից, տարիից, գտնվելու վայրից և այլն:
Ուղիղ մեկ տարի առաջ մենք հաստատեցինք և ֆինանսավորեցինք այս ծրագրի իրականացումը, հավատացինք դրա հաջողությանը, և այսօր ունենք արդեն շոշափելի արդյունքներ, մասնավորապես մեր աշակերտների կողմից ունենք ձայնագրված շուրջ 20 հատ ինֆորմատիվ փոդքասթեր, որը ներկայացնում են ոլորտի փորձագետների հետ հետաքրքիր զրույցներ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ»։
Մարգարիտ Խաչատրյանը կարևորեց հատկապես այս ոլորտում գործունեություն ծավալող ուսուցիչների կարևոր դերակատարությունը և բոլոր ներկաներին հորդորեց ակտիվորեն ներգրավվել քննարկումներին և իրենց սեփական ներդրումն ունենալ այս ծրագրի իրագործման մեջ:
«Էկո կաֆե» աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական թիրախները, նպատակները, էլեկտրոնային կրթական մոդուլների նախագծերը։
Ուսուցիչները հնարավորություն ունեցան քննարկելու հետևյալ թեմաները՝
☘️Էկո համակարգերը և մարդը
☘️Բնապահպանական խնդիրները
☘️Կլիմայի փոփոխությունները
☘️Կլիմայի փոփոխության մեղմումը
☘️Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը:
Ակտիվ քննարկումից հետո փոքրիկ զեկույցի տեսքով ուսուցիչներն իրենց առաջարկությունները ներկայացրին թեմայի շրջանակներում և այնուհետև կիսվեցին իրենց արձանագրած արդյունքներով:
Վերջիններիս կողմից արված առաջարկները հավաքագրվեցին, որի հիման վրա էլ հաջորդիվ կիրականացվի կրթական նյութերի լրամշակում և նյութերի թվայնացում հատուկ «Կանաչ գիրք» ծրագրի համար ստեղծված վեբ հարթակում:
Որպես ծրագրի իրականացման վերջնարդյունք կունենանք Հայաստանի էկոհամակարգերի, բնապահպանական խնդիրների, կլիմայի փոփոխության ու ազդեցության մեղմման և հարմարվողականության վերաբերյալ թվայնացված մատչելի և հասանելի կրթական նյութեր բոլորի համար։