Գավառում կայացավ «Սեւանա լճի ավազանի հողածածկույթի եւ մարդածին ճնշման քարտեզագրում» խորագրով աշխատանքային հանդիպում
12.05.2022
2022թ. մայիսի 12-ին «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետազոտական թիմը Գավառի մարզպետարանում ներկայացրեց «Սևանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշման քարտեզագրում` Գավառ համայնքի օրինակով» հետազոտության նախնական արդյունքները։ Հետազոտական աշխատանքները իրականցվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում։ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Մարտին Պետրոսյանը հանդես եկան ողջույնի խոսքով՝ անդրադառնալով իրականացվող աշխատանքի առանցքային նշանակությանը մարզի համար։ Այս համատեքստում EU4Sevan ծրագրի ՋՌՀԿ գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրեց ծրագրի հիմնական բաղադրիչները և ակնկալվող արդյունքները։
Հետազոտական թիմն աշխատանքները սկսել էր դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին և մինչ այժմ իրականացրել հետևյալ գործողությունները՝
📝հավաքագրվել և վերլուծվել են Գավառի տարածաշրջանի հողերի ծածկույթի բնութագրերի վերաբերյալ առկա բոլոր տվյալները՝ ներառյալ խորհրդային ժամանակների ատլասների քարտեզները՝ ժամանակային փոփոխությունները վերլուծելու համար։
📊հավաքագրվել և վերլուծվել են մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա մարդածին ճնշումների վերաբերյալ առկա բոլոր տվյալները
🧩հավաքագրված ողջ տեղեկատվությունը փոխակերպվել է ԱՏՀ ձևաչափի, որից հետո մշակվել է հողածածկի և մարդածին ճնշման նախնական քարտեզ՝ հիմնված հավաքագրված տվյալների և արբանյակային պատկերների վրա մինչև 2 մ լուծաչափով, օգտագործելով “CORINE” հողածածկի դասակարգման համակարգը (այն հարմարեցնելով տեղական պայմաններին և հանձնարարության նպատակին, ըստ անհրաժեշտության) և չվերահսկվող դասակարգման ալգորիթմ
🕵️♀️իրականացվել է դաշտային ուսումնասիրություններ՝ չվերահսկվող դասակարգման միջոցով ստացված արդյունքների դաշտային ճշգրտման համար
Նախատեսվում է հողածածկի և մարդածին ճնշման վերջնական քարտեզը՝ ներառելով դաշտից ստացված տվյալները և վերահսկվող դասակարգման ալգորիթմը, մշակել 2022թ․ հունիսի ավարտին։
Հետազոտությունն այս անգամ իրականցվում է Գավառի տարածաշրջանում՝ փորձարարական սկզբունքով, որի արդյունքում մշակված մեթոդաբանությունը և աշխատանքային հոսքը կօգտագործվի հետագայում այլ տարածքների հողածածկի և մարդածին ճնշման քարտեզի մշակման համար։
Հետազոտական թիմ
Նունե Սաքանյան, Կանայք կլիմայում և էներգետիկայում ՀԿ նախագահ, հետազոտական թիմի ղեկավար
Լիլիթ Մինասյան, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման մասնագետ
Վարդան Հայրապետյան, տվյալների կառավարման և դաշտային վավերացման փորձագետ
Գայանե Աթոյան, շրջակա միջավայրի մասնագետ
Տաթևիկ Վարդանյան, Կանայք կլիմայում և էներգետիկայում ՀԿ, կրթության և զարգացման բնագավառի պատասխանատու