“Դիլիջան” ազգային պարկում կենսաբազմազանության եւ առանցքային էկոհամակարգերի մոնիթորինգի համակարգի ներդրում

20.07.2022

Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), 

Անի Սաֆարյան (Դիլիջան ազգային պարկ)

“Դիլիջան” ազգային պարկում  կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման  ծրագիրը հանդիսանում է   “Սևծովյան  ավազանի  երկրներում շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգ" (BSB 884 ECO-Monitoring) նախագծի բաղկացուցիչ և կարևորագույն մասը:    BSB 884 ECO-Monitoring ծրագիրը ուղղված է Սևծովյան ավազանի մի շարք երկրներում բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր խնդիրների լուծմանը` էկոլոգիական մոնիթորինգի և տեղեկատվության անդրսահմանային համատեղելի տվյալների մատչելիության մակարդակի բարձրացման միջոցով: Մոնիթորինգի համակարգի ներդրմամբ համատեղելի տվյալների և արդիական տեղեկատվության ապահովման շնորհիվ կստեղծվի էկոլոգիական տվյալների հավաքման, մշակման և վերլուծության ընդհանուր հարթակ, որը կներառի  մշտադիտարկվող թիրախային  տարածքներում տարբեր պատճառներով առավել վնասված կենսաբազմազանության տեսակների և  էկոհամակարգերի, դրանց բարվոք վիճակը վտանգող սպառնալիքների,  ճնշման ձևերի ու պոտենցիալ աղբյուրների  գնահատման արդյունքները:  

Հայաստանի    բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում  ընդգրկված  “Դիլիջան” ազգային պարկը /ԴԱՊ/, որպես թիրախային տարածք, ներառվել է  BSB 884 ECO-Monitoring ծրագրի նպատակային գործողությունների տիրույթում` համալիր էկոլոգիական մոնիթորինգն իրականացման համար, որը ունենալով գիտա-կիրառական կարևոր նշանակություն շրջակա միջավայրի որակի, տարաբնույթ լանդշաֆտների ու դրանց բազմատեսակ բաղադրիչների, բնական էկոհամակարգերի վիճակի, ինչպես նաև  ապագա փոփոխությունների բացահայտման և կանխատեսման համար, միաժամանակ ծառայելու է որպես ազգային պարկի պահպանության և օգտագործման ռեժիմների արդյունավետության գնահատման գործիք:

 «Դիլիջան» ազգային պարկը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելքում Տավուշի մարզում, փոքր հատվածներով նաև՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Պարկի տարածքը 33765 հա,  պահպանման գոտու տարածքը` 8167 հա, որտեղ տեղակայված 10 բնակավայրերը (Դիլիջան քաղաքը և 9 գյուղական բնակավայրերը` տեղաբաշխված  երեք տարբեր մարզերում):

Պարկը հանդիսանում է 1150 տեսակի անոթավոր բույսերի, ինչպես նաև 286 տեսակի ողնաշարավոր կենդանիների կենսամիջավայր: Բնության համար արժեքավոր  տարածքներ են համարվում Աղավնավանքի /Ախնաբադի/ կենու պուրակը, Հաղարծնի հաճարենու և Խաչարձանի կաղնու անտառները, Պարզ և Գոշի  լճերը:  

“Դիլիջան՚” ազգային պարկում կենսաբազմազանության  մոնիթորինգի  համակարգի ներդրման հիմնական նպատակն է կանխատեսել  տարածքում բնական ու մարդածին  ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործնթացների զարգացումը և կառավարման անհրաժեշտ միջամտությունների միջոցով լանդշաֆտների, բնական միջավայրերի և տեսակների  պահպանության բարելավման նպաստումը: Մոնիթորինգային դիտարկումները պետք է նպատակաուղղվեն բնական (անտառային, տափաստանային, մարգագետնային, ջրային) էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի առանձին օբյեկտների, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների պոպուլյացիաների վիճակի բացահայտմանը, ինչպես նաև այն գործոնների հայտնաբերմանը և դրանց ազդեցության աստիճանի գնահատմանը, որոնք սպառնալիք են ԴԱՊ-ի էկոհամակարգերի և կենսաբազմազանության համար: Մոնիթորինգի գործողությունները պետք է հասցեավորեն նաև տեսակների բնական միջավայրի փոփոխության միտումները, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և զբոսաշրջության հետ կապված, որոնք կարող են հավանական վտանգ ներկայացնել էկոհամակարգի ամբողջականությանը:

Տեսակային մակարդակով ԿԲ մոնիթորինգի հիմնական օբյեկտներ են ընտրվել ԴԱՊ-ի տարածքում հայտնաբերված հատուկ ուշադրության առժանի բուսակենդանական աշխարհի  ստորև նշված խոշոր խմբերի ներկայացուցիչները: Միաժամանակ պետք է արձանագրել, որ թեպետ ԴԱՊ կենսաբազմազանության ուսումնասիրությունները սկսվել են դեռևս մեկ  դար առաջ, սակայն դրանք շարունակվում են առ այսօր և նարկայացված տվյալները լրացվում ու ճշգրտվում են, ինչին աջակցում են  բազմամյա դիտարկումների արդյունքները:  

ա/ Բարձրակարգ  բույսեր`  շուրջ 1150 տեսակ, որոնցից 17-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում (9-ը՝ վտանգված (EN), 5-ը՝ խոցելի (VU), իսկ 3-ը՝ անհետացման եզրին գտնվող (NT) կարգավիճակով): 14 տեսակը էնդեմներ են, որոնցից 7-ը՝ Հայաստանի, 3-ը՝ Կովկասի, 4-ը՝ Անդրկովկասի,

բ/ 480 մակրոսկոպիկ սնկերի տեսակներ և ենթատեսակներ, որոնցից  176 տեսակը` ուտելի, շուրջ 50 տեսակները ունեն բուժիչ հատկություններ, իսկ 38 տեսակը` թունավոր սնկեր են,

գ/ Անողնաշար կենդանիներ` բզեզների ողջ ֆաունայի մոտ 12%-ը, /512 տեսակ/, թիթեռների՝ շուրջ 50%-ը և մրջյունների՝ 25%-ը, ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված է 15 տեսակ (որոնցից 5-ը՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում): Միջատներից  7-ը Հայաստանի, 18-ը Անդրկովկասի  և 30-ը Կովկասի  էնդեմիկներ են, 

դ/ Ողնաշարավոր կենդանիներ`  286 կենդանատեսակներ, որոնցից 53-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և 17-ը՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում:  Այդ թվում.

Համատեղ գործառնական ծրագիր Սև ծովի ավազանի 2014-2020 թթ


Հոդվածի խմբագիր՝ ԿՏԲԿ Հայաստան

Հուլիս, 2022թ․

Սևծովյան ավազանի 2014-2020 թվականների համատեղ գործառնական ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության կողմից Եվրոպական հարևանության գործիքի և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: 

Այս հրատարակությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ԿՏԲԿ Հայաստան կազմակերպությունը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Common borders. Common solutions