Մեկնարկեց «Կանաչ գիրք» ծրագիրը
20.07.2022
Հուլիսի 20-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Կանաչ գիրք» ծրագրի մեկնարկային հանդիպումը, պետական, կրթական, հետազոտական, հասարակական և գործարար ոլորտների հետաքրքրված անձանց մասնակցությամբ։
Հանդիպմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը, ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Սվետլանա Հարությունյանը և Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը:
Ծրագիրը ժամանակի հրամայական է, քանի որ ամեն տարի բևեռացումը մարդու և բնության միջև խորանում է, իսկ դրա հետ խորանում են էկոլոգիական խնդիրներն՝ ազդելով մարդու բարեկեցության վրա։ Ներդրումները կլիմայի փոփոխության հակազդման գործընթացում պահանջում են և՛ կրթված մասնագետներ, և՛ գիտակից քաղաքացիներ։
«Կանաչ գիրք» ծրագրի նպատակն է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ խթանել էկոկրթությունը և ապահովել բոլոր սովորողների համար որակյալ և արդիական կրթություն ստանալու հավասար պայմաններ։
«Կանաչ գիրք» ծրագրի շրջանականերում, համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև շահագրգիռ կառուցների հետ, կմշակվեն որակյալ, պարզ և համառոտ գիտահեն թվային մոդուլներ՝ կառուցելով բնության և մարդու հարաբերությունների խնդիրների և հնարավոր լուծումների տրամաբանական շղթան։
Նյութերը հասանելի կլինեն բոլորին, այդ թվում մայրաքաղաքից հեռու գտնվող ուսումնական հաստատություններին, ուսուցիչներին, դպրոցականներին և այլ հետաքրքրված անհատներին։
Հիմք ընդունելով ՀԿ-ի կողմից նախկինում հաջողությամբ իրականացված «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի արդեն փորձարկված մեթոդաբանությունը՝ ուսուցման նախագծային և մասնակցային մեթոդները, մոդուլների մշակումը և փորձարկումը հիմնված կլինի տեսական և գործնական վարժությունների և խաղերի վրա։
Ծրագրով ստեղծվում են թվային մոդուլներ, որտեղ համադրվում են գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և շրջակա միջավայրի խնդիրները և լուծումները՝ սովորեցնելով աշակերտին էկոլոգիական հարցերին նայել որպես ամբողջական շղթայի մաս, այլ ոչ որպես առանձին գիտություն։
Հանդիպմանը ներկա բոլոր կառույցների, կազմակերպությունների ներկայացուցիչները դրական արձագանքեցին ծրագրին և պատրաստակամություն հայտնեցին իրենց գործունեության շրջանակում համագործակցել և օժանդակել ծրագրի իրականացմանը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գաղափարը մշակվել է և իրականացվելու է «Կանայք կլիմակում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից։