«Կանաչ» հմտություններ երիտասարդների համար
24.09.2021
Օրերս Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի՝ դպրոցներում ստեղծված «կանաչ» ջոկատների փորձի փոխանակման միջոցառումը, որին ներկա էին ծրագրի մասնակից տասը դպրոցների տնօրենները, ֆիզիկայի ուսուցիչները, «կանաչ» ջոկատների աշակերտները, աշակերտների մենթորները, ՄԱԶԾ, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ներկայացուցիչները, ոլորտային փորձագետներ, շուրջ 130 մասնակից:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ մեծապես կարևորելով ծրագրի շրջանակում ունեցած համագործակցությունն ու աշակերտների կողմից դրսևորած ակտիվությունը: Տիկին Անդրեասյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ բնապահպանական խնդիրները, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված գործողություններն ուշադրության կենտրոնում պահելը շեշտադրված է նաև հանրակրթական և առարկայական նոր չափորոշիչներում: Փոխնախարարը հավելեց նաև, որ մեծ հաջողություն է ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում ստացված նման սիներգետիկ էֆֆեկտը, երբ մի կողմից բովանդակային և քաղաքականության մշակման փոփոխություն ենք տեսնում, իսկ մյուս կողմից ականատես ենք լինում, թե ինչպես են կոնկրետ ծրագրերը և ծրագրային ուղղությունները նպաստում այդ արդյունքների գրանցմանը և ձեռքբերմանը:
«Ի սկզբանե նպատակ էինք դրել դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ դպրոցականներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, ինչպես նաև շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին, այդպիսով տալով և՛ գիտելիք, և՛ հմտություն: Սակայն ծրագրի արդյունքները մուլտիպլիկատիվ էին․ այս ծրագրի մեկնարկով դպրոցներում, ջոկատայինների տներում, ինչպես նաև համայնքներում մեկնարկեց «կանաչ» շարժումը, բարձրացավ աշակերտների պատասխանատվությունն այն միջավայրի հանդեպ, որտեղ նրանք ապրում և սովորում են, փոխվեց մտածելակերպը և ձևավորվեց մշակույթ։ Ներկայումս մենք ունեն 110 ջոկատային տարբեր մարզերից, որոնք հավաքվել են նույն նպատակի շուրջ և եթե նույնիսկ այլ մասնագիտություն ընտրեն, այս գիտելիքները և հմտությունները նրանք կարող են օգտագործել իրենց առօրյայում՝ լինելով պատասխանատու բնության հանդեպ, արդյունավետ՝ էներգածախսերի տեսանկյունից», - նշեց ծրագրի ղեկավար Նունե Սաքանյանը։
Միջոցառման ընթացքում ծրագրի արդյունքներին ծանոթանալով՝ ոգեշնչող ելույթներ ունեցան ծրագրի աջակիցներ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, Էներգախնայողության հիմնադրամի գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի փոխտնօրեն Առնելա Այվազյանը, ՀԱՊՀ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ՋԷ և ՇՄՊ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. դոց. Անդրանիկ Առաքելյանը։
Ծրագրով ներկայացված դիմումների հիման վրա չափորոշիչներին համապատասխան 6 տարբեր մարզերից ընտրվեց 10 դպրոց. մասնավորապես Գեղարքունիքի մարզի գյուղ Կարմիրգյուղի հ. 1 միջնակարգ, Տավուշի մարզի Բաղանիսի միջնակարգ, Լոռու մարզի Վանաձորի Ս. Շահումյանի անվան թիվ 6 հիմնական և Ծովակալ Իսակովի անվան հ.23 հիմնական, Ստեփանավանի Ս.Գրիգոր լուսավորչի անվան հ. 2 հիմնական, Ձորագյուղի հիմնական, Շամլուղի միջնակարգ, Կոտայքի մարզի Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական, Շիրակի մարզի Գյումրու թիվ 7 հիմնական և Արարատի մարզի Այնթափի Բ.Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցները։ Դպրոցներում ձևավորվել են շուրջ 10 աշակերտներից բաղկացած «կանաչ» ջոկատներ (ընդհանուր ներգրավվել է շուրջ 110 աշակերտ, իսկ որպես ջոկատավարներ նշանակվել են դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները։ «Ուսուցիչների համար մշակվել էին ուսումնական նյութեր և ներկայացվել առցանց դասընթացների միջոցով։ Այնուհետև ուսուցիչների կողմից «կանաչ» ջոկատների շրջանում անց է կացվել 5 ուսուցողական և 5 գործնական դասընթաց՝ աշակերտների կողմից էներգաօգտագործման պարզ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Համաճարակի պայմաններում աշխատանքները հիմնականում համակարգվում էին հեռակառավարման տեխնոլոգիաների միջոցով»,- նշեց ծրագրի գործընթացների պատասխանատու Մերի Հարությունյանը։
Դպրոցների համար մշակվել և տրամադրվել էր նաև տվյլաների մուտքագրման և հաշարկների իրականացման էլեկտրոնային ձևաչափ։ Ծրագիրն իրականացնող թիմը այցելելով դպրոցներ ջոկատայիններին տրամադրել է չափիչ սարքեր, ինչպիսիք են՝ վատտմետր, լյուքսմետր, ինֆրակարմիր ջերմաչափ։ Ինչպես նշում է ծրագրի էներգետիկ փորձագետ Տիգրան Սեկոյանը,- «Մի՛ գնահատիր, եթե կարող հաշվարկել, և մի՛ հաշվարկիր, եթե կարող ես չափագրել»։ Այցելությունների ընթացքում «կանաչ» ջոկատայիններին ներկայացվել է նաև էներգաօգտագործման ուսումնասիրության կարևորությունը, «կանաչ» տեխնոլոգիաները և դրանց օգտագործման օգուտները։
Ջոկատներն իրականացրին իրենց դպրոցների էներգաօգտագործման ուսումնասիրություն, պարզեցին շենքի հիմնական ջերմային կորուստները և անարդյունավետ էներգիայի օգտագործման աղբյուրները և ներկայացրին էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցում» մրցույթին, որը կազմակերպվել էր ապրիլի 25-ին Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում։
Հաղթող դպրոցներում «կանաչ» ջոկատների անմիջական մասնակցությամբ իրականացվեցին ներկայացված ծրագրերը, մասնավորապես՝
• Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վ.Սարոյանի անվան հ. 11 հիմնական դպրոցում իրականացվեց տանիքի մասնակի ջերմամեկուսացում, ֆիզիկայի լաբարատորիայի պատուհանների փոխարինում, տրամադրվեցին և տեղադրվեցին էներգաարդյունավետ ԼԷԴ լամպեր,
• Ստեփանավանի Ս.Գրիգոր Լուսավորչի անվան հ. 2 հիմնական և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծ.Իսակովի անվան հ. 23 հիմնական դպրոցներում տեղադրվեց 5.46 կՎտ հզորության արևային համակարգեր,
• Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոցում փոխարինվեց 5 դասասենյակի 10 պատուհան:
Ծրագրով նախատեսվում էր չորս դպրոցի հնարավորություն տալ իրականացնել ներկայացված ծրագրերը, սակայն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ համաֆինանսավորվեց բարձր միավորներով հաջորդ դպրոցի՝ Շիրակի մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի կողմից ներկայացված ծրագիրը։ Արդյունքում՝ դպրոցում տեղակայվեց 10 կՎտ հզորության արևային կայան։
Ամռան ընթացքում, երբ ծրագրի ուսումնական մասն ավարտվել էր, գիտելիքներն ընդլայնելու և շարունակական զարգացումը խթանելու նպատակով առցանց խմբում աշակերտների համար ոլորտային հարցեր էր տեղադրվում, երեխաները պատասխանում էին հարցերին` ընթերցելով գրականություն կամ առցանց նյութեր։ Ստեղծված առցանց խումբը կշարունակի գործել` նպաստելով «կանաչ» ջոկատայինների հետագա զարգացմանն ու կապի ապահովմանը:
«Ծրագրի շրջանակում ներգրավել ենք էներգետիկ բնագավառի փորձագետներ՝ ոլորտի հանդեպ մասնագիտական հետաքրքրություն հայտնած աշակերտներին փորձագիտական աջակցություն ցուցաբերելու, ուղղորդելու և զարգացման ճանապարհը ցույց տալու նպատակով»,- տեղեկացրեց Ծրագրի մենթորական բաղադրիչի համակարգող Տաթևիկ Վարդանյանը։
Ամփոփիչ միջոցառմանը ծրագրի բոլոր շահառուները «Պեչա կուչա» ձևաչափով ներկայացրին իրենց «կանաչ ջոկատները», ծրագրի անցած ուղին, ձեռքբերումները, համայնքային օգուտները «կանաչ» շարժումից և ծրագրի շարունակայնության հույս հայտնեցին։
«Մինչ այս ծրագիրը՝ հասկանում էի, որ բնությունը կարևոր է, բայց չէի հասկանում դրա մաշստաբները։ Հենց այս ծրագրի շնորհիվ ես իմացա էներգետիկ մասնագետի մասին, որի մասին առաջ անգամ չէի լսել: Հասկացա նրա կարևորությունը և դերը մեր կյանքում։ Էներգետիկ ոլորտի զարգացման շնորհիվ մենք կարող ենք պահպանել և ծաղկեցնել մեր բնությունը, խնայել գումար, զարգացնել և ուժեղացնել մեր հայրենիքը։ Իմանալով այս ամենը՝ ես զարմացա, որ ոլորտում մասնագետների պակաս կա։ Չնայած ես դեռ չեմ կողմնորշվել, թե ով կլիմեմ ապագայում, բայց ով էլ լինեմ՝ ջանք չեմ խնայի այս ոլորտի զարգացման համար»,- նշեց ջոկատային Արմեն Աղաբաբյանը։
Երեխաների մոտ կայուն ոգևորվածություն և հետաքրքրվածություն պահելու նպատակով կազմակերպվել էր թեմատիկ «Այլ կերպ» խաղը, որի ժամանակ երեխաները ցուցաբերեցին իրենց արագ կողմնորոշվելու և էներգետիկայի ոլորտում ձեռք բերած հմտությունները: Թեմատիկ խաղը մշակվել է ծրագիրն իրականացնող թիմի կողմից:
Երեխաների համար այս տպավորիչ միջոցառումը եզրափակվեց ջոկատային Միլենա Նազարյանի կողմից հատուկ ծրագրի համար գրված ստեղծագործության համատեղ կատարմամբ:
Միջոցառման մասին հրապարակումներ`